Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել նոյեմբերի 7-ին Կոմայգու մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ժամը 03.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Գ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 03.00-ին, «Անգլիական» զբոսայգու դիմաց 1986 թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ եւ իր «Վալտեր» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ:
Արման Գ.-ն ատրճանակը ներկայացրել է ոստիկանության ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 7-ի գիշերը, Կոմայգու մոտ դարձյալ միջադեպ է տեղի ունեցել ավանդական ու ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների միջեւ:
Միջադեպի ականատեսը պատմել էր, որ գիշերը 30-ն անց մի երիտասարդ մոտեցել է այգու դիմացի մայթին կանգնած նույնասեռականին եւ վիճաբանության բռնվել: Այնուհետեւ սկսել են բարձրաձայն հայհոյել միմյանց ու քաշքշել, ինչից հետո երիտասարդն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է նույնասեռականի վրա եւ դիմել փախուստի:





























