Վրաստանի ՆԳՆ եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի գործում հանցավոր նոր դրվագներ են ի հայտ եկել:
Գլխավոր դատախազի խոսքով՝ 2011թ. սեպտեմբերի 13-ին առավոտյան ժամը 5-ի սահմաններում ոմն տուժածի մոտ Ախալայայի անունից հայտնվել են վերջինիս վստահված անձինք եւ պահանջել իրենց հետ ռեստորան գնալ, որտեղ գտնվել են Բաչանա Ախալայան, Գեորգի Կալանդաձեն եւ այլ անձինք, նաեւ՝ Ախալայայի զինված թիկնապահները: Տուժողին ծեծել եւ սպառնացել են սպանել, հետո Ախալայան նրան առաջարկել է մեքենան նվիրել պատժի իրագործման բաժնին: Տղամարդը համաձայնել է՝պայմանով, որ իրեն չսպանեն:
Մեքենան տալուց հետո Ախալայան հրամայել է տուժողին ինչ-որ տեղ փակել: Նրան տարել են մի բնակարան, որտեղ մնացել է մինչեւ սեպտեմբերի 13-ի ժամը 21-ը: Հետո նրան տարել են պատժի իրագործման բաժին, վերադարձրել մեքենան եւ հորդորել ոչ ոքի ոչինչ չասել, գրում է «Գռուզիա օնլայնը».
Հիշեցնենք, Վրաստանի ՆԳՆ եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային, ԶՈՒ Միավորված շտաբի ղեկավար Գեորգի Կալանդաձեին, ՊՆ չորրորդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամաթավին նոյեմբերի 8-ին պաշտոնական մեղադրանքներ էին ներկայացվել: Այսօր թբիլիսյան դատարանը պետք է որոշի նրանց նկատմամբ խափանման միջոցի հարցը:





























