Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում գործող ՀՀԿ-ական նախագահ Սերժ Սարգսյանը մրցակիցներ կունենա, հավասարը հավասարի հետ մրցակցություն չի լինի, նույնիսկ եթե առաջ գան առաջին կամ երկրորդ նախագահը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա մեր քաղաքական դաշտում առկա ամբիցիաների պարագայում չի հավատում քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայաստանի դեմոկրտական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշեց, որ նախագահական ընտրություններին առանձնապես մրցակցություն չի լինելու: Նրա խոսքով՝ եթե մարդ կա, հավակնություն ունի դառնալու նախագահ, առնվազն մեկ տարի առաջ պետք է ներկայանար իր ցանկություններով եւ ծրագրերով: «Կոնսոլիդացիայի գաղափարը տարօրինակ է հասարակության համար եւ հասարակությունն էլ պատրաստ չէ դրան, այս պահին պետք է ամեն ինչ անենք, որ գործող իշխանությունները ամեն ինչ անեն, որ ապահովեն երկրի անվտանգությունը մինչեւ այս դարաշրջանը չավարտվի»,- ասցա նա՝ շեշտելով, որ պետք է այս դարաշրջանը ավարտվի, քաղաքական ներկա էլիտան վերանա եւ գան նոր մարդիկ:
Ինչ վերաբերում է իրենց կուսակցության նախագահական ընտրություններին մասնակցելու, ապա, Արամ Սարգսյանը նշեց, որ սպասում են հետեւողական քայլերի, ինչը վերաբերում է գործող նախագահին, քանի որ ի տարբերություն մնացածների, ովքեր խոստանում են, ինքը կարող ՝է իրագործել: Նրա կարծիքով՝ Հայաստանի գլխավոր խնդիրը արտագաղթը կասեցնելն է, իսկ իշխանությունները վերցրել են մի էլեմենտ եւ մեզ ուզում են համոզել, թե խելքի են եկել: Արամ Սարգսյանի խոսքով՝ եւ քաղաքական դաշտը, եւ հատկապես ՝ իշխանությունները այսօր խճճել են ամեն ինչ:: «Կոռուպցիա հասկացությունը պետք է հասկանալ, որ երկու գլխավոր ուղղություն ունի, մեկը՝ բյուջեից գողացածն է, մեկը՝ բյուջեին չտվածը, թե ինչի դեմ են պայքարում, չեմ կարողանում հասկանալ: Հասկանալի է, որ այս պահին դա ՓԻԱՌ կամպանիա է, որովհետեւ եթե այդպես չլիներ, պետք է հեռեւողական տարիներ շարունակ աշխատանք տարվեր»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանի ներկայիս ծավալած գործունեությունը ՓԻԱՌ քայլ է: «Կարծում եմ, որ սա խորը վերլուծված, երկրի եւ պետության հոգսերով ապրող մարդու եւ կուսակցության վերաբերմունք է, եւ ամեն ինչ արվելու է առկա խնդիրները լուծելու համար: Կան բազում հոգսեր, որոնք լուծման կարիք ունեն եւ երկրի նախագահի քայլերը տարիներ շարունակ ուղղված են դրան»,- ասաց նա:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























