Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային թույլ չեն տվել մասնակցել Վրաստանի կառավարության նոյեմբերի 9-ի նիստին: Այդ մասին լրագրողներին հայտնել է հենց Ուգուլավան:
Նրա խոսքով՝ ինքը մտադիր էր հստակեցնել քաղաքային կառավարման սոցիալական նախագծերի ֆինանսավորման խնդիրը, սակայն ասել են, որ հարցն օրակարգում չկա եւ խնդրել են հեռանալ, Ուգուլավայի խոսքերը փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:
Գիգի Ուգուլավան նշել է, որ նման բան անգամ Շեւարդնաձեի օրոք չէր եղել:
Պարզվում է, նոր կառավարությունը հոկտեմբերի 31-ի որոշմամբ չեղյալ է համարել Թբիլիսիի քաղաքապետարանին սոցիալական ծրագրերի իրագործման համար 21,95 մլն լարի (13,2 մլն դոլար) լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու մասին Վանո Մերաբիշվիլիի կառավարության որոշումը:
Թբիլիսիի քաղաքապետն ասել էր, որ որոշման արդյունքում 90 հազար մարդ կմնա առանց անվճար բուժապահովագրման, 40 հազար ընտանիք կզրկվի սոցարտոնություններից:
Իր հերթին ֆինանսների նախարար Նոդար Խադուրին ասել էր, որ հին կառավարությունն իր ապօրինի որոշմամբ ցանկանում էր փոխհատուցել ընտրությունների համար քաղաքապետարանի վատնած գումարները:
Նախորդ շաբաթվա վերջին Ուգուլավան Իվանիշվիլիին կոչ էր արել վերանայել կառավարության որոշումը, բայց՝ ապարդյուն:





























