ՆԱՍԱ-ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) հաջողությամբ փորձարկել են միջմոլորակային համացանցը, որը կօգտագործվի դեպի տիեզերք գիտարշավների ժամանակ:
Ըստ ՆԱՍԱ-ի նավիգացիոն համակարգերի ադմինիստրատորի տեղակալ Բադրի Յունեսի՝ փորձարարական DTN (Disruption Tolerant Networking) համակարգն ապագայում կարող են գործածել շուրջմարսյան ուղեծրի տիեզերանավերի անձնակազմի անդամները՝ մոլորակի մակերեւույթի ավտոմատ սարքերը կառավարելու համար:
DTN-ն ապահովում է տվյալների փոխանակման ստանդարտացված ընթացակարգը, ինչը նման է «երկրային» համացանցին: Դրանում հաշվարկված են նաեւ կապի ընդհատումները, սխալները եւ ազդանշանի ուշացումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Եթե տվյալները փոխանցել չի հաջողվում, տեղեկատվությունը չի ջնջվում, պահպանվում է: Փոխանցման փորձերը շարունակվում են այնքան ժամանակ, մինչեւ կապի հանգույցը մեկ այլ հանգույցի չի միանում: Արդյունքում տեղեկատվությունը գտնում է հասցեատիրոջը:
Համակարգի առաջին փորձարկումները դեռեւս 2008թ. նոյեմբերին էին կատարվել:





























