Սիրիական ընդդիմության գրոհայիններին աջակցում են տարածաշրջանի երկրների հատուկ ծառայությունները, որոնք գործում են արեւմտյան համապատասխան կառույցների վերահսկողության ներքո: Այդ մասին անգլալեզու «Ռուսաստանն այսօր» (Russia Today) հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ըստ նրա՝ սիրիական իշխանությունները տվյալներ չունեն այն մասին, որ արեւմտյան հատուկ ծառայությունները ֆինանսավորում են սիրիական ընդդիմությանը:
«Միայն հայտնի է, որ նրանք գրոհայիններին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում՝ հիմնականում Թուրքիայի, երբեմն նաեւ Լիբանանի միջոցով», - նշել է Ասադը:
Բաշար Ասադը չի կարծում, թեՍիրիայում քաղաքացիական պատերազմ է: «Տարաձայնություններ կան, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիական պատերազմ է ընթանում… Քաղաքացիական պատերազմի պատճառներ կարող են դառնալ ազգային կամ կրոնական լուրջ խնդիրները: Երբեմն ազգամիջյան կամ միջկրոնական լարվածություններ լինում են, սակայն լուրջ խնդիրներ չեն ստեղծում», - ասել է նա:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ասադը հակամարտող բոլոր կողմերին կրկին խաղաղ բանակցությունների կոչ է արել: Նա նշել է, որ պատրաստ է երկրի իրավիճակը քննարկել նրանց հետ, «ովքեր իսկապես ուզում են օգնել Սիրիային», սակայն մտադիր չէ «ժամանակ կորցնել նրանց վրա, ովքեր ուզում են ճգնաժամն օգտագործել սեփական շահերի համար»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նույն հարցազրույցում Ասադը հայտարարել էր, որ Սիրիան չի լքի ոչ մի դեպքում, ինչպես նաեւ նշել էր, որ Արեւմուտքը հազիվ թե համարձակվի զինված ներխուժել Սիրիա:





























