Վենեսուելայում ձերբակալել են միջազգային թմրաթրաֆինքի պարագլուխներից Խորխե Միլտոն Սիֆուենտեսին: Այդ մասին Twitter սոցցանցում գրել է երկրի ներքին գործերի եւ արդարադատության նախարար Նեստոր Ռեւերոլը:
Կոլումբիացի Միլտոն Սիֆուենտեսի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված: ԱՄՆ-ում 5 մլն դոլար էին խոստանում նրան բռնելուն նպաստող տեղեկության դիմաց:
Կոլումբիայի պաշտպանության նախարար Խուան Կառլոս Պինսոնը արդեն հայտարարել է, որ իր երկիրը կպայքարի Միլտոն Սիֆուենտեսի արտահանձնման համար: Նախորդ տարի կոլումբիական իշխանությունները բռնագրավել էին նրա՝ 250 միլիոն դոլար արժողությամբ անձնական գույքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի՝ Խորխե Միլտոն Սիֆուենտեսը Cifuentes-Villa խմբավորման առաջնորդն է, որը գործում է Կոլումբիայի տարածքում եւ կոկային է մատակարարում Մեքսիկա, Էկվադոր, Պանամա եւ Իսպանիա: Ձերբակալվածը եղբայր ունի՝ Դոլին, որը ԱՄՆ-ում ժամկետ է կրում թմրավաճառության համար: Նրա մյուս եղբայր Ֆրանսիսկոն հայտնի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի անձնական օդաչուն էր:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Կոլումբիան կոկայինի արտադրությամբ համաշխարհային առաջատարներից է, 2011 թվականին այնտեղ պատրաստվել է 345 տ կոկային: Դրա նշանակալի մասն ԱՄՆ եւ Եվրոպա է արտահանվում Վենեսուելայով, որի հետ Կոլումբիայի սահմանը 2,2 հազար կմ է:





























