Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Արթուր Բաղդասարյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել 2012թ. հոկտեմբերի 15-ին Մոսկվայում  իր եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ  Բորդյուժայի հանդիպման եւ «ՀՀ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «ՌԴ-ում ստորագրվեց փաստաթուղթ, համաձայն որի` Հայաստանում կստեղծվի Հայ-ռուսական հումանիտար կենտրոն իրավիճակների ոլորտում: Սա խոշորագույն ենթակառուցվածք է, որը հնարավորություն կտա Հայաստան ներկրել ոչ միայն նորագույն սարքավորումներ եւ տեխնիկա, այլեւ ունենալ հզոր ենթակառուցվածք, որը մենք կարող ենք օգտագործել մեր երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ: Մեր այցի օրերին ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինը ստորագրեց հրամանագիր Հայաստանում ստեղծելու «Ռոսգրանիցա» պետական գործակալության Հայաստանի ներկայացուցչություն բացելու եւ ֆինանսավորելու մասին, որի նշանակությունը չափազանց կարեւոր է, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ՌԴ-ն ունի սահմանապահ ստորաբաժանում: Ռուսաստանի սահմանապահները այսօր պաշտպանում են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանները: Այդ սահմանները լուրջ արդիականացման կարիք ունեն: Այս պայմանագիրը եւ ՌԴ նախագահի հրամանագիրը հնարավորություն կտան այս ոլորտում լուրջ, դրական զարգացումներ ունենալ սահմանների արդիականացման, մեր երկրի անվտանգության ամրապնդման իմաստով:

Երրորդ. Հայաստանում կստեղծվի Ռուսաստանի պետական ռեզերվների գործակալություն, այսինքն Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք: Սա շատ կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից: Նաեւ համաձայնության եկանք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրելու շուրջ: Վերջին պայմանագրի ստորագրումից անցել է շուրջ 20 տարի եւ այդ պայմանագիրը թարմացման կարիք ունի: Այն հնարավորություն կտա երկու երկրների ձեռնարկությունների միջեւ համագործակցությունը զարգացնել ուղիղ ճանապարհով, առանց բյուրոկրատական ընթացակարգերի: ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կստեղծվի Ակադեմիա, որը կրթական, վերապատրաստման, մասնագիտական կարողությունների բարձրացման աշխատանքներ պետք է իրականացնի: Այն հնարավորություն կտա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԾ, ԱԻՆ, Ոստիկանության, պաշտպանության ոլորտի աշխատակիցներին անցնել հատուկ վերապատրաստում ՀԱՊԿ-ի ռեսուրսների ներգրավմամբ»:

Արթուր Բաղդասարյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց ձեռք բերված համաձայնությունների հետ կապված իրենց գերատեսչությունների մասով քննարկել եւ ներկայացնել ամփոփ առաջարկություններ ՀԱՊԿ քարտուղարություն ներկայացնելու համար:

Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում 2012թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ  զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: