Քրիստոնեությունն աշխարհում ամենահալածված կրոնն է, կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա նշել է, որ ԳԴՀ-ի արտաքին քաղաքականությունը պետք է «ավելի զգայուն» լինի այլ երկրներում քրիստոնյա փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ:

Ամբողջ աշխարհի քրիստոնյաներին աջակցելու Անգելա Մերկելի կոչը վրդովվեցրել է գերմանական «կանաչների» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք պնդում են, որ կրոնական մյուս խմբերն ավելի խոցելի են:  Այդ մասին հայտնում է «sedmica.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին եւ Catholic World News (CWN)-ին:

Անգելա Դորոթեա Մերկելը (Քասներ) Գերմանիայի պատմության առաջին կին կանցլերն է, 2009-ից  «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդն է: Կրոնական խնդիրը նրան օտար չէ:

Անգելա Մերկելը ծնվել է 1954 թվականին Համբուրգում՝ Հեյդելբերգի եւ Համբուրգի համալսարաններում  աստվածաբանական կրթություն ստացած լյութերական հոգեւորական Հորստ Քասների ընտանիքում: Ավելի ուշ Հորստ Քասները նշանակում է ստացել Քվիթցով գյուղի Բեռլին-Բրանդենբուրգի լյութերական եկեղեցում, որն այժմ Պերլեբերգ քաղաքի կազմում է: 1957 թվականին Քասներների ընտանիքը տեղափոխվել է Ուկերմարկ՝ Տեմպլին քաղաք, որտեղ Հորստ Քասները մասնակցել է ներեկեղեցական  կրթական կենտրոնի ստեղծմանը: Տեմպլինում Անգելա Մերկելի հայրը երկար ժամանակ ղեկավարել է քահանաների քոլեջը եւ  ազդեցիկ  դիրք է ունեցել Բեռլին-Բրանդենբուրգի  լյութերական համայնքում: Քասները եկեղեցու այն հատվածի ներկայացուցիչն է եղել, որը ԳԴՀ-ի կառավարության ընդդիմության մեջ չի եղել եւ, պետության կարծիքով, ներկայացրել է  եկեղեցու առաջադեմ ուժերին: