Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Եվրամիության մյուս երկրներին, որ կարող է արգելափակել Եվրոպական բանկային միության ստեղծումը, քանի որ եվրոպական իշխանությունները հաշվի չեն առել նրա պահանջները:
Ինչպես գրում է The Financial Times-ը, ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բազմիցս հայտարարել էր, որ չի խանգարի եվրոպական բանկային միության ստեղծմանը: Միաժամանակ, պարբերականի տվյալներով, վերջերս Բրյուսելում կայացած բանակցություններում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը չի համաձայնի միասնական բանկային համակարգի վերահսկողությանը, մինչեւ անհրաժեշտ երաշխիքներ չստանա:
Մասնավորապես, Լոնդոնը պնդում է, որ Եվրամիության որոշումները պետք է գերակա լինեն բանկային միության եւ նրա միասնական ֆինանսական կարգավորիչ մարմնի ընդունած որոշումների նկատմամբ: Պարբերականը նշում է, որ կարգավորիչ մարմնի լիազորությունների առումով փոխզիջում չկա նաեւ Եվրոպայի մայրցամաքային հատվածում: Գերմանիան ցանկանում է պահպանել հերահսկողությունը փոքր բանկերի նկատմամբ, այն դեպքում, երբ Ֆրանսիան կարծում է, որ կարգավորիչ մարմինը պետք է վերահսկի Եվրոպայի բոլոր ֆինանսական հաստատությունները, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ միասնական բանկային կարգավորիչ մարմին ստեղծման մասին եպրոկանա երկրները պայմանավորվել են հոկտեմբերի կեսերին: Նախատեսվում է, որ այն կսկսի գործել 2013 թվականի ընթացքում: Այն կարող է միջամտել եվրագոտու ցանկացած առեւտրային բանկի գործերին:




























