ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նոյեմբերի 8-ին Վիեննայում ամենամյա զեկույցն են ներկայացրել ԵԱՀԿ Մշտական խորհրդին:

Միջնորդները շարադրել են վերջին տարում տարածաշրջանում համատեղ եւ անհատական հանդիպումների ընթացքում կատարած իրենց աշխատանքը:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նրանք նաեւ տեղեկատվություն են ներկայացրել համանախագահող յուրաքանչյուր երկրի հետ երկկողմ փոխգործակցության եւ այս տարվա հունվարին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Համանախագահները քննարկել են  լարվածության պահերին իրենց դերը, ինչպես նաեւ բռնություն գործադրվելու դեպքում շահարկումներ թույլ չտալը: Մասնավորապես, դեսպան Կասպշիկի եւ տարածաշրջանում նրա թիմի աշխատանքի միջոցով:

Համանախագահները նաեւ Մինսկի խմբի խորհրդակցություն են  անցկացրել: Միջնորդները հանդիպել են ուկրաինական եւ շվեյցարական պատվիրակությունների ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ-ում ապագա նախագահողների հետ:

Համանախագահները տարածաշրջան կայցելեն այս ամսվա վերջին՝ ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա  դեկտեմբերին Դուբլինում: