Վորոնեժի շրջանային դատարանը դատավճիռ է կայացրել գազանաբարո սպանությունների եւ բռնաբարությունների աղմկահարույց գործի վերաբերյալ, որոնք իրագործել էր տնանկ մոլագար Սերգեյ Մարտինովը:
Դատարանի որոշմամբ 50-ամյա Մարտինովը մինչեւ կյանքի վերջը կմնա ճաղերի հետեւում: Նա պատիժը կկրի հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սերգեյ Մարտինովը գործել է Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մանկապիղծ-մարդասպանը գիտեր, որ իրեն փնտրում է ոստիկանությունը, բայց միայն նյարդայնացնում էր քննիչներին: Նա հանցանշանները չէր թաքցնում եւ հանդուգն երկտողներ էր թողնում հանցանքի վայրում: «Կեղտեր, դուք ինձ չեք գտնի» - ասված էր դրանցից մեկում:
Դատարանով հաստատվել է Մարտինովի գործած 8 սպանությունների հանգամանքները: Որպես կանոն՝ նրա զոհն էին դարձել ալկոհոլը չարաշահող գործազուրկ կանայք: Հանցագործը սկզբում նրանց հետ հուսալի կապ է հաստատել, հետո հաշվեհարդար տեսել դանակի օգնությամբ: Սպանվածների շարքում եղել է նաեւ ութամյա աղջնակ, որին Մարտինովն առեւանգել էր, բռնաբարել եւ սպանել:
Սպանություններից հետո Սերգեյ Մարտինովը լկտիաբար պղծել է զոհերի դիակները, մասնատել եւ այլն:
Երկրում թափառող անտուն մարդասպանին բռնել հաջողվել է միայն 2010 թվականին՝ Վորոնեժի մարզում՝ հերթական դաժան հաշվեհարդարից անմիջապես հետո: Այն ժամանակ գերեզմանոցի մոտ բռնաբարվել եւ գազանաբար սպանվել էր տեղի բնակչուհին, գրում է NEWSru.com-ը:
Դատահոգեբուժական փորձաքննությամբ Սերգեյ Մարտինովը, որն ստացել է «Վորոնեժյան Չիկատիլո» մականունը, մեղսունակ է ճանաչվել:





























