Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել 16-րդ թաղամասում տեղի ունեցած զինված հարձակումից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին, 2 անհայտ անձինք 16-րդ թաղամասի 29 շենքի մուտքի մոտ, ատրճանակի սպառնալիքով, Կարեն Ղ.-ից պահանջել են գումար, ապա նրանցից մեկը կրակել է վերջինիս ոտքին և պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի 16-րդ թաղամասում երեկ` նոյեմբերի 8-ին կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում տուժել է 29-ամյա Կարեն Ղանդիլյանը: Նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Կարեն Ղանդիլյանը հրազենային վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքի մոտ, նրան են մոտեցել երկու անհայտ անձ եւ գումար պահանջել, ինչի արդյունքում վեճ է ծագել եւ կրակելով նրա ոտքին եւ դիմել են փախուստի: Հանգամանքները պարզվում են:





























