Ներդրումային, առեւտրի եւ զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները քննարկվեցին այսօր Էրբիլում կայացած  ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի եւ  Իրաքյան Քուրդիստանի  ներդրումային հանձնաժողովի նախագահ Հերիշ Մուհարամ Մուհամադի հանդիպմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հանձնաժողովի նախագահը ներկայացրեց Քուրդիստանում իրականացվող ծրագրերը,  գործարար եւ ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ  ներդրողների համար  նախատեսված արտոնությունները:  

Քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման, գործարար կապերի, ոլորտին աջակցող կառույցների միջեւ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարեւորվեց գործարար եւ ներդրումային դաշտի վերաբերյալ կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակումը: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց աջակցություն  ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացման նախաձեռնություններին:

Փոխվարչապետը նկատեց, որ քուրդ գործարարները  կարող են  գործունեություն ծավալել Հայաստանում, ինչը նաեւ հնարավորություն կընձեռի դուրս գալ այլ երկրների շուկաներ:

Երկուստեք կարեւորվեց Զարգացման հայկական գործակալության  եւ Քուրդիստանի  ներդրումային հանձնաժողովի միջեւ համագործակցության հաստատումը:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում ունեցավ նաեւ Էրբիլի նահանգապետ Նավզադ Հադիի հետ: Նահանգապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին տարիներին նահանգում եւ Էրբիլ քաղաքում իրականացվող պետական ծրագրերի, նահանգի զարգացման հեռանկարային ուղղությունների, ինչպես նաեւ տարածքային կառավարման համակարգի մասին:

Ա. Գեւորգյանը տեղեկացրեց Հայաստանի կառավարության կողմից  որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականության, տարածքային կառավարման համակարգի  գործունեության սկզբունքների մասին:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ  ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության հնարավորությունները:

Ավարտելով աշխատանքային այցը Իրաքի Հանրապետություն`փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: