Սեպտեմբերին Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալը կազմել է 164 մլն դոլար: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրից: Նշենք, որ օգոստոսին տրանսֆերտների ծավալը 163 մլն դոլար էր, ինչը նույնպես զգալիորեն բարձր է տրանսֆերտների միջին ամսական մակարդակից (մոտ 131 մլն դոլար):

Ընդհանուր առմամբ` 2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան մուտք լինող տրանսֆերտների (ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումների) ծավալը կազմել է մոտ 1.18 մլրդ դոլար` 94 մլն դոլարով կամ 8.6%-ով գերազանցելով 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում Ռուսաստանի մասով: Այսպես` Ռուսաստանից 2012 թ. 9 ամսում կատարվել է ավելի քան 1 մլրդ դոլարի փոխանցում` 908 մլն դոլարի համեմատ: Համեմատության համար` ԱՄՆ-ից կատարվող փոխանցումները նվազել են մոտ 5%-ով եւ կազմել մոտ 50 մլն դոլար: Ուկրաինայից փոխանցումները նույնպես նվազել են` նախորդ տարվա 9 ամիսների 19.3 մլն դոլարի համեմատ այս տարի փոխանցվել է  13.7 մլն դոլար: Արդյունքում` որպես տրանսֆերտային աղբյուր Ուկրաինան իր երրորդ տեղը զիջել է Ղազախստանին, որտեղից Հայաստան է մուտք գործել 15.2 մլն դոլար:

Փոխարենը` զգալի աճ է արձանագրվել Արաբական միացյալ էմիրություններից տրանսֆերտների մասով: Ստացվել է 6.3 մլն դոլար` նախորդ տարվա 2.4 մլն դոլարի համեմատ: ԱՄԷ-ն այս աճի շնորհիվ առաջին անգամ հայտնվել է Հայաստանին տրանսֆերտներ մատակարարող առաջին հնգյակի մեջ: