Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությունում մի շարք նշանակումներ է կատարել: Նա ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի հրաժարականի դիմումը:

Գլխավոր շտաբի նոր պետ է նշանակվել գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը, ով նաեւ նախարարի առաջին տեղակալը կլինի: Ավելի վաղ Գերասիմովը ղեկավարում էր Կենտրոնական ռազմական շրջանի զորքերը: Արեւմտյան ռազմական շրջանի նախկին ղեկավար Արկադի Բախինը նույնպես նախարարի  առաջին տեղակալ է դարձել:  Տեղակալի պաշտոնն ստացել է Օլեգ Օստապենկոն: Ավելի վաղ նա օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարն էր, գրում է «Էխո Մոսկվի»-ն:

Ինչպես գրում է «vesti.ru»-ն, այն, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուի առաջին որոշումներից մեկը Գլխավոր շտաբի ղեկավարի փոփոխությունն էր լինելու, ոչ ոքի համար կասկածի ենթակա չէր: Նախկին ղեկավար Նիկոլայ Մակարովը ռազմական բարձր ղեկավարությունում այն քչերից էր, որը հենց սկզբից աջակցել էր Անատոլի Սերդյուկովի՝  ռազմական ոլորտում անցկացրած «բարեփոխումներին»,  ինչի շնորհիվ էլ ստացել էր իր պաշտոնը: Մակարովին նախկին նախարարի աջ ձեռքն էին համարում, այդ պատճառով էլ նրա հեռացումը կանխորոշված էր:

Հիշեցնենք, որ գերատեսչությունում փոփոխությունները կապված են  նախարարի փոփոխության հետ: Անատոլի Սերդյուկովը ֆինանսական  սկանդալի պատճառով պաշտոնը զիջել էր Սերգեյ Շոյգուին: