«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ի գիտություն կընդունի Հայ ազգային կոնգրեսի առաջարկած օրակարգը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ նպատակահարմար չի գտնում ասել, թե կոնկրետ ՀԱԿ-ի առաջարկած որ դրույթների հետ համաձայն չեն ԲՀԿ-ում։

Զոհրաբյանը նաեւ նշեց, որ հնարավոր է քաղաքական ուժերի համար ընդունելի չլինեն ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաների օրակարգերի այս կամ այն դրույթը։ «Քաղաքական կոնսուլտացիաների նախաձեռնության նպատակն այն է, որ քաղաքական ուժերը  նաեւ քննարկվեն օրակարգային հարցեր, որի ժամանակ հնարավոր կլինի փորձել ձեւավորել միասնական կոնսեսուսային օրակարգ»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին, ապա ըստ Զոհրաբյանի, արդեն հոկտեմբերի 10-ից ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները կհանդիպեն եւ կանցկացնեն քննարկումներ։ «Քաղաքական ուժերի միջեւ քննարկումները պետք է հանգեցնեն նրան, որ հնարավոր լինի ձեւավորել մեկ միասնական օրակարգ եւ ձեւավորել խնդիրների այն ցանկը, որն արժե դնել քաղաքական քննարկումների սեղանին։ Եվ հենց այդ հիմնախնդիրների լուծումն է, որ երկրւմ կհանգեցնի համակարգային փոփոխության»,- ասաց Զոհրաբյանը։

Ավելի վաղ, NEWS.am-ը տեղեկացրել է, որ ի պատասխան ԲՀԿ-ի առաջարկին՝ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ եւ առաջարկել է ԲՀԿ-ի կոնսուլտացիաների օրակարգում ներառել մի քանի կետ.
1. Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում

2. Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր

3. Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային եւ այլ միջոցառումների անցկացում

4. Ապօրինի տնտեսական մենաշնորհների եւ արտոնությունների եւ համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում»: