Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կալանքի որոշում է կայացրել Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ: Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, մերժելով Ախալայայի պաշտպանների խնդրանքը՝ գրավի դիմաց ազատ արձակել նրան:

Պաշտոնեական լիազորությունները գերազանցելու գործով եւս երկու մեղադրյալներին՝ Վրաստանի ԶՈՒ միավորված շտաբի պետ Գեորգի Կալանդաձեին եւ ՊՆ 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավային դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել: Նրանցից յուրաքանչյուրի համար դատարանը գրավ է սահմանել 20 հազար լարի (մոտ 12 հազար դոլար):

Դատարանը հաշվի չի առել բոլոր երեք մեղադրյալների վերաբերյալ խորհրդարանի 29 պատգամավորների երաշխավորությունը:

Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» ակտիվիստների մասնակցությամբ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Միաժամանակ, Բաչո Ախալայայի դեմ եւս մեկ բողոք է ստացվել գլխավոր դատախազությունում: Ծեծի եւ խոշտանգումների համար նրան մեղադրում է նաեւ Քսանիի բանտի կալանավոր Գեորգի Չուբինիձեն: Նրա բողոքը դատախազություն է ներկայացրել բանտարկյալի մայրը՝ Բելլա Լորդկիպանիձեն: Խոսքը 2006 թվականին Հանրապետական բանտային հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել բանտային հուզումներից առաջ:

Հիշեցնենք, որ Ախալայան, Կալանդաձեն եւ Շամատավան ձերբակալվել են նոյեմբերի 7-ի գիշերը: Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները գերազանցելու: Խոսքը 2011 թվականին զինծառայողներին ֆիզիկական բռնության ենթարկելու մասին է: Նրանց սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

Բացի այդ, Ախալայան մեղադրվում է նաեւ «անօրինականորեն ազատությունից զրկելը՝ կյանքի համար վտանգավոր բռնությամբ կամ բռնության սպառնալիքով» հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածով, Ախալայային սպառնում է 8-12 տարվա ազատազրկում: