Քենիայի բնակչուհին իր նորածին երկու որդիներին կոչել է Միթ Ռոմնիի եւ Բարաք Օբամայի պատվին: 20-ամյա Միլիսենթ Օվուորը երկվորյակներ է լույս աշխարհ բերել հենց այն օրը, երբ Բարաք Օբաման վերընտրվեց նախագահ՝ նոյեմբերի 6-ին:
Թե ինչու է Օվուորը որոշել երեխաներին անվանել ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների պատվին, չի հաղորդվում, գրում է «lenta.ru» -ն՝ վկայակոչելով քենիական լրատվամիջոցներին:
Պետության ղեկավարի 90-ամյա տատիկ Սառա Օբաման նախկինի պես ապրում է Քենիայում, հիշեցնում է «vesti.ru»-ն: Քենիայում Բարաք Օբամայի հանդեպ մեծ համակրանք են տածում: Երբ հայտնի է դարձել, որ դեմոկրատը կվերընտրվի, Կոգելոյի բնակիչները դուրս են եկել փողոցներ եւ բղավել՝ «Կեցցե Կոգելոյի որդին»:
Վերջին 4 տարիներին Բարաք Օբաման Աֆրիկայի այն հատվածը, որտեղ գտնվում է Քենիան, միայն մեկ անգամ է այցելել ՝ մեկ օրվանից էլ պակաս անցկացնելով: Միլիսենթ Օվուորը հուսով է, որ եթե ԱՄՆ-ի նախագահը երբեւէ իրենց երկիր այցելի, իր երեխաները նրան տեսնելու հնարավորություն կունենան:





























