Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Բրյուսել տեղի կունենա նոյեմբերի 12-14-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքով, նոյեմբերի 14-ին Իվանիշվիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»: Այցի ընթացքում նա կհանդիպի նաեւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ռասմուսենի հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից անմիջապես հետո Իվանիշվիլին հայտարարել էր, որ իր առաջին այցը կլինի ԱՄՆ, սակայն Թբիլիսիում ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո Իվանիշվիլին հայտնել է, որ սկզբում կմեկնի Եվրոպա:





























