Քրդական հարցի կարգավորման եւ Իմրալը կղզու բերդում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման համար Թուրքիայի բանտերում հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալներին են միանում եւս 8 քուրդ պատգամավոր եւ Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 2 պատգամավորներից հետո նույն կուսակցության նախագահ, պատգամավոր Սելահաթին Դեմիրթաշն ու եւս 7 պատգամավոր հայտարարել են, որ նոյեմբերի 10-ից Դիարբեքիրում միանում են Թուրքիայի բանտերում հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալների հացադուլին։
Քուրդ պատգամավորների հետ հացադուլին միանալու հայտարարություն է արել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։
Նշենք, որ Թուրքիայի 72 բանտերում հիմնականում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով դատապարտված բանտարկյալներն արդեն 59-րդ օրն է, ինչ հացադուլ են անում՝ պահանջելով բարելավել PKK-ի առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները եւ ճանաչել քրդերի իրավունքները։
Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ բանտերում մոտ 700 հոգի գտնվում են հացադուլի մեջ։





























