2012 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 15:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսվում է քննարկում՝ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վճարների վերանայման վերաբերյալ: Այդ մասին նշված է Հանձնաժողովի կայքում:
Նշենք, որ 2005 թ. սահմանված սակագների համաձայն` մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում սպասարկման վճարը 2400 դրամ է (1 տարվա համար), երկուսի դեպքում` 5700 դրամ, երեքի դեպքում` 6900 դրամ:
Հանձնաժողովի կայքում տեղակայված հաշվարկների համաձայն` հանրապետությունում առկա է գազ սպառող 587.5 հազ. բաժանորդ, որոնց մեծ մասը`355.7 հազարը, ունեն գազասպառման երկու կետ (օրինակ` գազօջախ եւ ջեռուցման համակարգ):
Այնուհետեւ հաշվարկների միջոցով եզրակացվել է, որ 1 սարքավորման սպասարկման տարեկան վճարը կարող է լինել 2267 դրամ, ինչը ներառում է 12% շահույթ եւ ավելացված արժեքի հարկ: Բացի այդ, ըստ հանձնաժողովի ներկայացրած որոշման նախագծի, սպասարկման վճարը պետք է որոշվի ըստ սարքավորումների թվի: Այսինքն` այս որոշումից (եթե, իհարկե, այն ընդունվի) ամենաշատը կշահեն 2 եւ ավելի գազի միացման կետ ունեցող սպառումները: Օրինակ, 2 սպառման կետ ունեցողները ներկայիս 5700 դրամի փոխարեն կվճարեն 4534 դրամ (2 բազմապատկած 2267):





























