Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի մայրը՝ նախկին սենատոր Լյուդմիլա Նարուսովան հայտարարել է, որ ՌԴ դաշնային խորհուրդը քաղաքականության համար «մնացուկ է, բայց ոչ՝ աքսոր»: Նրա խոսքով, «հակառակ դեպքում խոսակցություն չէր լինի զգալի՝ 3-5 մլն դոլարի հասնող գումարների մասին, որոնք օլիգարխները վճարում են, որպեսզի հայտնվեն այնտեղ»:

«Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում նա պատմել է «պայմանավորված խաղի» մասին Բրյանսկի նահանգապետի ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի «քարացման» մասին:

Միասնական քվեարկության օրը՝ հոկտեմբերի 22-ին, Բրյանսկի նահանգապետ ընտրված Նիկոլայ Դենինը ստորագրել է Լյուդմիլա Նարուսավոյի սենատորական լիազորությունները դադարեցնելու որոշումը: Նրա խոսքով, մարդիկ չէին ուզում վերընտրել Դենինին: Պուտինը եւս այնքան էլ չէր ցանկանում նահանգապետի պաշտոնում տեսնել նրան, քանի որ «նրա դեմ բազմաթիվ նյութեր կան իրավապահ մարմիններում», սակայն «Եդինայա Ռոսիայի» վերնախավը համոզել է նրան:

«Երբ դա որոշվել է, «Եդինայա Ռոսիան» պարտվել չէր կարող եւ որոշել են ամեն գնով հասնել Դենինի ընտրությանը: «Ցանկացած գինը» ես էի»,-պարզաբանել է Նարուսովան:

Նահանգապետի ընտրություններում մյուս թեկնածուներն էին «Յաբլոկո» կուսակցության անդամ Անդրեյ Պոնոմարյովը եւ Ժիրինովսկիի կուսակցության անդամ Մ. Մարչենկոն: «Եվ կայացավ այդ «պայմանավորված ֆուտբոլային խաղը», երբ նրանք պայմանավորվեցին, որ ընտրություններից հանում են Մարչենկոյին, եւ նա փոխարենը կզբաղեցնի սենատորի տեղը: Չէ որ Ժիրինովսկին ոչինչ հենց այնպես չի անում»,-ասել է Դաշնային խորհրդի նախկին անդամը: