Ֆրանսիայի Սեւր քաղաքում նախատեսվում է Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցել: Հուշարձանը կտեղադրվի Սամյուել Մուրատի քոլեջի շենքում, որը պատկանում է հայր Մխիթարյանների միաբանությանը: «Սեւր-2015» ասոցիացիայի կողմից իրականացվող նախագիծը կներառի նաեւ թանգարան, գիտահետազոտական կենտրոն եւ կոնֆերանս կենտրոն, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն:

Գիտահետազոտական կենտրոնը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների հետազոտություններ կանցկացնի, ինչպես նաեւ կուսումնասիրի հայ համայնքի գոյության այլ ասպեկտները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային:

Համալիրի բացումը նախատեսված է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:

«1920 թվականին այստեղ՝ Սեւրում կնքված պայմանագիրը ներառում է խոստումներ, որոնք դեռ իրենց պտուղները չեն տվել: Շարունակելով մտավոր եւ կրթական աշխատանքը, որոնք 3 դարերի ընթացքում իրականացվում են Մխիթարյանների միաբանության կողմից, մեր նախագիծը թույլ կտա նորովի նայել այդ ունեվերսալիզմին, որը Ֆրանսիայի հանճարն է եւ որին մենք հավատարիմ ենք»,-հայտարարել է «Սեւր-2015» ասոցիացիայի նախագահ Ժերար Գերգերյանը: