Ռուսաստանում ՊՆ-ում աղմկահարույց սկանդալից հետո, որն ավարտվել է նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնանկությամբ, թափ է հավաքում մեկ այլ սկանդալ՝ կապված Վլադիվոստոկում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթոժողովի նախապատրաստման ընթացքում միջոցների յուրացման հետ:

Ձերբակալվել է Տարածաշրջանային զարգացման նախկին փոխնախարար Ռոման Պոպովը, ով ներկայումս Պերմի մարզի կառավարության ղեկավարն է, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիային հակազդելու գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Ներկայումս որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը:

ՆԳՆ-ում հստակեցնում են, որ այս գործով անցնող կասկածյալները «Տարածաշրջանների զարգացման նախարարության մի ողջ շարք պաշտոնյաներ են», հաղորդում է BFM.RU-ն:

,Հաստատվել է, որ կասկածյալները պետական պայմանագրեր կնքելու համար մրցույթներ են կազմակերպել գագաթաժողովի օբյեկտների շինարարությունն իրականացնելու համար: Այդ մրցույթներում հաղթողներ են ճանաչվել իրենց վերահսկողության ներքո գործող առեւտրային ընկերությունները: Այդ կազմակերպությունների հաշիվներին է փոխանցվել շուրջ 93,3 մլն ռուբլի, սակայն շինարարության ճարտարագիտական ու ապահովագրական ապահովմանն այդ ընկերությունները չեն մասնակցել, քանի որ այդ ծառայությունները կատարվել են այլ ընկերությունների կողմից: Հետագայում այդ միջոցները փոխանցվել են կեղծ կազմակերպությունների հաշիվներին եւ յուրացվել»,-ասված է հաղորդագրության մեջ: