Այսօր՝ նոյեմբերի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծով կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում զարգացման ծրագրերի եւ դրանցից բխող անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների մշակման, Էներգահամակարգում հուսալիության ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման եւ նրանց հետագա կատարելագործման հետ կապված հարցերն ու պարտավորությունները, ջերմաէներգետիկայի եւ արեւային էներգետիկայի ոլորտների զարգացման համար կստեղծվեն լրացուցիչ խթանիչ մեխանիզմներ:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նախատեսվում է արտոնագրային վճար վճարող համարվելու համար նախապայման հանդիսացող տարեկան իրացման շրջանառության 6 մլն դրամի շեմը բարձրացնել մինչեւ 9 մլն դրամ, միասնականացնել արտոնագրային վճարի օբյեկտ համարվող գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտների մասով արտոնագրային վճարներ կատարելու ժամկետները, արտոնագրային վճարների համակարգում ներառել եւս գործունեության հինգ տեսակներ, սեզոնայնության գործոնով պայմանավորված` բացօթյա վայրերում հանրային սննդի գործունեության կազմակերպման որոշ ամիսների մասով սահմանել արտոնագրային վճարի առավել ցածր դրույքաչափեր եւ կատարել որոշակի խմբագրական փոփոխություններ` նպատակ ունենալով կարգավորել օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած որոշ անհստակություններ:

Հովհաննես Մարգարյանը տեղեկացրել է, որ կառավարության հետ պայմանավորվել են իր եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը միավորել կառավարության ներկայացրած, վերը նշված նախագծի հետ եւ որպես համահեղինակներ՝ հանդես գալ համատեղ օրինագծով:

Հանձնաժողովը քննարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի տեղեկացմամբ՝ նախագծով նախատեսվում է սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված խողովակների եւ դրանց կցամասերի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար սահմանել բազային տուրքի 80-ապատիկի, իսկ գունավոր մետաղների ջարդոնի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար` բազային տուրքի 250-ապատիկի չափով պետական տուրքեր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Կարեն Բոթոյանի, Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին «ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգել է մինչեւ մեկ տարի ժամկետով: