Հռոմ-Երեւան-Հռոմ նոր չվերթի գլխավոր թիրախը իտալացի զբոսաշրջիկներն են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իտալական Alitalia ավիաընկերության Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի գծով գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնինին: Alitalia-ի Հռոմ-Երեւան առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 11-ին: Թռիչքի նվազագույն արժեքը կկազմի 299 եվրո:

Նա նշեց, որ հարեւան Վրաստանում ընկերությունն արդեն հաջողությամբ աշխատում է: «Լավ ակնկալիքներ ունենք նաեւ Հայաստանի հետ կապված: Չգիտեմ, թե ինչպես կընթանան մեր գործերն այստեղ, բայց իտալացի զբոսաշրջիկների մեծ հոսք ենք ակնկալում Իտալիայից»,-հավելել է Սիմոնինին: Ընկերությունն արդեն բանակցություններ է վարել իտալական մի շարք տուրօպերատորների հետ, ովքեր դեպի Հայաստան տուրփաթեթներ են առաջարկում:

«Մենք նրանց հետ պայմանագիր ենք պատրաստում, որի համաձայն մեր ընկերության թռիչքները կներառվի առաջարկվող տուրփաթեթների մեջ»,-ասել է նա:

Ջովանի Սիմոնինիի խոսքով, ընկերությունը վերջին 4 տարում ավելի քան 20 օդանավեր է ձեռք բերել եւ նորացրել եղածները: Օդանավերի միջին տարիքը 6,5 տարի է: «Հետագա ներդրումներից մենք չենք խուսափում եւ եթե Հայաստանում աշխատանքի արդյունքները մեզ բավարարեն, մենք կարող ենք նաեւ ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում»,-ընդգծել է Alitalia-ի ներկայացուցիչը: