Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան 2013 թվականի փետրվարի 19-ին՝ գործող նախագահի լիազորությունների ավարտից (ապրիլի 9) 50 օր առաջ:
Ընտրությունները նշանակելու վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 11-ն է: Հայաստանի ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստատեսությամբ քվեարկությունից ոչ ուշ, քան 70 օր առաջ հաղորդագրությամբ պետք է հանդես գա ԿԸՀ նախագահը:
Խնդիրն այն է, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո, պաշտոնական քարոզարշավի անցկացման ժամկետներն էականորեն կրճատվել են: Եթե մինչ այդ քվեարկության անցկացման մասին տեղեկացվում էր ընտրություններից 100 օր առաջ, ապա հիմա՝ միայն 70 օր առաջ: Կրճատվել է նաեւ նախագահի թեկնածուների գրանցման համար նախատեսված ժամկետը: Եթե նախկինում թեկնածուների փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեին քվեարկության օրվանից ոչ շուտ քան 90 օր եւ ոչ ուշ, քան 75 օր առաջ, ապա հիմա փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 55 օր եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ:
Ըստ այդմ, նախագահի թեկնածուները կարող են գրանցվել դեկտեմբերի 26-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 5-ը:





























