Աբխազիան Վրաստանից պաշտոնական առաջարկություն չի ստացել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Լակոբան` նշելով, որ Վրաստանի նման մտադրությունների մասին իրենց հայտնի է դարձել այդ երկրի վերաինտեգրման հարցերով  նախարար Պաատա Զաքարեշվիլիի հարցազրույցից:

«Նման մտադրության մասին մենք իմացել ենք մամուլից, սակայն հաշվի առնելով, որ իր հարցազրույցներում Զաքարեիշվիլին հակասական մեկնաբանություններ է տալիս, դժվար է դատել պաշտոնական Թբիլիսիի իրական մտադրությունների մասին»,-նշեց Լակոբան:

Նրա խոսքով` անգամ եթե Աբխազիան պաշտոնական առաջարկություն ստանա, իրենց համար այն անթույլատրելի կլինի. «Ցավոք, այդ առաջարկը քաղաքական աստառ ունի` փախստականներին վերադարձնելու նպատակով, սակայն նրանք, ովքեր ցանկանում էին վերադառնալ, արդեն վերադարձել են: Այդ առաջարկը կարող է լարվածության հանգեցնել»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանի վերաինտեգրման հարցերով նոր պետնախարար Պաատա Զաքարեշվիլին հայտարարել էր, որ վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ «Աբխազիայի ապամեկուսացման ծրագրի» շրջանակում:

«Եթե բացենք մեր կողմի երթեւեկությունը, Աբխազիան այլընտրանք կունենա։ Երկաթուղուց կարող են օգտվել բոլորը՝ Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը։ Դրանով մեր երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը կմեծանա», ասել էր Զաքարեշվիլին։