Նոյեմբերի 9-ին Մոսկվայում անհայտ անձինք կրակ են բացել երկու մեքենաների ուղղությամբ, որոնցում կովկասցիներ են եղել:

Առաջին հարձակումը տեղի է ունեցել ժամը 21:30-ին` Վարշավյան մայրուղուն կից թաղամասի 91 շենքի մերձակայքում:

Սեւ Audi 100-ով անհայտ երիտասարդները շրջափակել են ՎԱԶ-2106-ը, որի ղեկին Հյուսիսային Կովկասի բնակիչ է եղել: Նրանք ազգայնական  կոչերի ուղեկցությամբ կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: Կովկասցին ոտքի վնասվածք է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Երկրորդ հարձակումը կատարվել է ժամը 23:00-ին`Լյուբլինսկայա փողոցի 118 շենքի մոտ: Երիտասարդները կրակել են «Ժիգուլիների» ուղղությամբ, որոնցում կովկասցիներ են եղել: Վիրավորվել են 2 մարդ` վարորդը եւ ուղեւորը:

 Ըստ «Ինտերֆաքսի»` հարձակումը գործել են սլավոնական արտաքինով 16-20 տարեկան 4 երիտասարդներ:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Մեքենան, որից կատարվել է հրաձգությունը, հետախուզվում է: