Նյու Յորքի իշխանությունները մտադիր են «Սենդի» փոթորիկի հետեւանքով տնից զրկված քաղաքաբնակներին տեղավորել փակ բանտում: 

Ինչպես հայտնում է The New York Times-ը, քաղաքային վարչակազմը նախատեսում է 900 մարդու ժամանակավորապես տեղակայել Սթեյթեն Այլենդ թաղամասի Արթուր Քիլի անվան բանտում, որը փակվել էր 2011 թվականին: Մինչ բնակիչներին այնտեղ տեղակայելը` իշխանությունները պետք է զննեն շենքը:  

Ինչպես գրում է «lenta.ru»-ն, Նյու Յորքում «Սենդի» փոթորկի հետեւանքով անտուն մնացած շուրջ 40 հազար մարդ կա: Միայն Սթեյթեն Այլենդում ժամանակավոր կացարանի տրամադրման հայտ է ներկայացրել 5 հազար մարդ: Սակայն ներկայումս իշխանություններին հաջողվել է  տեղավորել միայն մի քանի տասնյակ բնակչի: 

«Սենդի» փոթորկի պատճառով զոհվել է 113 մարդ, որոնցից 40-ը` Նյու Յորքում: Փոթորկի վնասը հասնում է տասնյակ միլիարդ դոլարների: