ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնից Դեւիդ Պետրեուսի հեռանալը միակը չէ ինտիմ բնույթի պատճառներով անսպասելի հրաժարականների ցուցակում։
Պարզվում է, ամերիկյան Lockheed Martin ընկերության՝ աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական համալիրի նախագահը եւս հրաժարական է տվել սիրավեպի պատճառով։
Քրիստոֆեր Կուբասիկն ընկերության նախագահն ու գործառնական գլխավոր տնօրենն էր։ Հունվարին նա պետք է դառնար Lockheed Martin-ի գործադիր տնօրեն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Ընկերության հաղորդագրությունում ասվում է, որ նոյեմբերի 9-ին տնօրենների խորհուրդը 51-ամյա Կուբասիկին խնդրել էր վայր դնել լիազորությունները եւ համաձայնություն էր ստացել։ Ներքին հետաքննությունը ցույց է տվել, որ նա միանգամայն սերտ հարաբերություններ է ունեցել ենթականերից մեկի հետ։ Դա հակասում է ոչ միայն աշխատանքային էթիկային, այլեւ Lockheed Martin-ի կանոնադրությանը։
Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», գործադիր տնօրեն Ռոբերտ Սթիվենսը հայտարարել է, որ ինքը «շատ վշտացած եւ ճնշված է» նախագահի եւ ենթակայի սիրավեպի փաստից, ինչն «անհամատեղելի է ընկերության արժեքներին եւ չափանիշներին»։





























