Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության եւ երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։

Նոյեմբերի 10-ը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր երիտասարդներին շնորհավորում է տոնի առթիվ։ «Այսօր մենք ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ երիտասարդություն, ում կարելի է վստահել վաղվա օրը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր գործունեությամբ եւ ծրագրերով երիտասարդական բոլոր առաջադիմական եւ կառուցողական նախաձեռնությունների կողքին է՝ պատրաստ աջակցելու երիտասարդական ներուժի զարգացմանը»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։