«Միացյալ Նահանգների հին ու նոր նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության կուրսը սահմանված է. Մերձավոր Արեւելքից դեպի Ասիա», -այս մասին գրում է Շվեյցարիայի հեղինակավոր «Tages-Anzeiger» օրաթերթը:
Պարբերականը, անդրադառնալով Օբամայի քաղաքականությանը Մերձավոր Արեւելքում, եզրակացնում է, որ արաբական գարնան ողջ ընթացքում ԱՄՆ-ը կորցրել է իր վստահությունը Մերձավոր Արեւելքում. «Բավական է միայն հիշել Եգիպտոսի օրինակը, երբ դեռ լիբերալ երիտասարդությունը Թահրիրի հրապարակում իր բողոքի ձայնն էր բարձրացնում ընդդեմ Մուբարաքի, ամերիկյան վարչակազմը կուլիսների հետեւում բանակցում էր Մուսուլման եղբայրների հետ»:
Թերթն ընդգծում է, որ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս Օբամայի վաղեմի ցանկությունը՝ առերեւույթ «գրավել սրտերը», իսկ իրականում առաջ տանել իր քաղաքական գիծը: Նպատակը միակն է՝ որքան հնարավոր է անկարգությունների միջոցով մանեւրել Մերձավոր Արեւելքում, քանի դեռ ԱՄՆ-ն ունի նավթի կարիք: «Նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո Օբաման եւս մեկ անգամ նշել է, որ կրճատելու է ԱՄՆ –ի նավթային կախվածությունը: Իսկ սա խոսում է արդեն հստակեցված արտաքին քաղաքականության մասին. ճանապարհ Մերձավոր Արեւելքից դեպի Ասիա, ինչն ԱՄՆ-ի համար տնտեսապես միշտ առավել հետաքրքրական է եղել»,- գրում է թերթը:





























