Վրաստանի Փոթիի նավահանգստում գործադուլը դադարել է։ Աշխատակիցները վերսկսել են աշխատանքն այն բանից հետո, երբ աշխատավարձերը 20%-ով բարձրացնելու խոստում են ստացել։
Աշխատակիցների ու նավահանգստի ղեկավարության միջեւ նոյեմբերի 9-ի բանակցություններին միացել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Քվիրիքաշվիլին եւ Միավորված ահմիությունների նախագահ Իրակլի Պետրիաշվիլին։
«Ձեռք է բերվել հստակ համաձայնություն, որ նավահանգստի աշխատակիցներին գործադուլի օրերի փոխհատուցում կտրվի, իսկ աշխատավարձերը 20%-ով կբարձրանան ոչ թե հունվարի, այլ՝ այս տարվա դեկտեմբերի 1-ից։ Կան նաեւ մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել նավահանգստի ղեկավարության հետ։ Առաջիկայում այդ հարցերն ավելի հանգամանորեն կքննարկվեն վարչապետին կից ստեղծված խորհրդի շրջանակում», - հայտնել է Քվիրիքաշվիլին, գրում է «Գռուզիա օնլայնը»։
Փոթիի նավահանգստի աշխատակիցներն աշխատանքը վերսկսել են գիշերվանից։ Այս պահին բոլոր բրիգադներն աշխատում են հագեցած ժամանակացույցով։





























