Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ կհարուցի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի եւ Թբիլիսիի գործող քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի դեմ, գրում է Թբիլիսիի «Ռեզոնանսի» թերթը:

Ֆինանսների նոր նախարար Նոդար Խադուրին նախատեսում է դատախազություն դիմել մի քանի օրենսդրական ակտերի հետ կապված, որոնք ընդունվել են հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո մինչեւ նոր կառավարության կազմը հաստատելը (հոկտեմբերի 25), հաղորդում է «Վզգլյադը»:

Մասնավորապես, խոսքը Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից կառավարությանը փոխանցված սոցիալական ծրագրերի մասին է, որոնք վերաբերում են շուրջ 600 հազար թբիլիսցիների: Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի կառավարությունում այդ հարցով սկանդալ էր տեղի ունեցել՝ Թբիլիսիի քաղաքապետի թույլ չէին տվել մասնակցել կառավարության նիստին:

Պարբերականի փոխանցմամբ, «Վրացական երազանգում» ասում են, որ սոցիալական ծրագրերի փոխանցումը քաղաքային իշխանությունների վրեժն էր բնակիչներից՝ ներկա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմին աջակցելու համար:

Նոր կառավարությունն արդեն չեղյալ է համարել այդ ակտերը, սակայն քաղաքապետարանը, որի ղեկավարությունը ներկայացնում է Սահակաշվիլիի թիմը, պնդում է, որ իրենք գումարներ չունեն այդ նախագծերը կյանքի կոչելու համար:

Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն մեկ աղմկահարույց քրեական գործ սկսվել է, որով անցնում են ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան, Զինված ուժերի միավորված շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն եւ ՊՆ 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան: