ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրաժարվել է Վիկտոր Բուտին  Ռուսաստանին հանձնելուց։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ Բուտն սպասում է բողոքարկման արդյունքներին, ինչպես նաեւ նշվում է նրա քրեական անցյալի մասին։

Վերջին փաստարկը որոշակի զարմանք է հարուցում, քանի որ Վիկտոր Բուտը դատված չի եղել ոչ Ռուսաստանում, ոչ էլ աշխարհի որեւէ այլ երկրում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Ռուսի փաստաբան Ալբերտ Դայանը շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալը քրեական անցյալ չունի եւ որ նա երբեւէ ոչ մի հանցախմբում չի եղել, որեւէ հանցանք չի գործել։

Արտահանձնման մասին կրկին հայց ներկայացնելը հնարավոր է միայն 2 տարի բանտում պատիժը կրելուց հետո։ Սակայն եւս մեկ հնարավորություն կա. եթե մեղադրվող կողմի բողոքարկման հայցը բավարարվի, արտահանձնման հարցը որոշված կլինի։

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Վիկտոր Բուտին  ԱՄՆ-ից հայրենիք արտահանձնելու ուղղությամբ աշխատանքներն սկսել էր այս տարվա օգոստոսից։ Բուտին Ռուսաստանին հանձնելու համար 2012թ. հուլիսի սկզբին միջնորդել է նրա կինը՝ Ալլան։

Ռուս գործարար Վիկտոր Բուտը ձերբակալվել էր 2008թ. մարտի 6-ին Թայլանդում՝ զենքի ապօրինի առեւտրի մեղադրանքով։ 2010թ. Բուտին արտահանձնել են ԱՄՆ, որտեղ նրան մեղադրել են  Ամերիկայի քաղաքացիների սպանության նպատակով ահաբեչական խմբավորումների հետ պայմանավորվածության, ինչպես նաեւ այլ հանցանքներում։ 2012թ. ապրիլին գործարարին դատապարտել են 22 տարվա ազատազրկման։