BBC-ի գլխավոր տնօրեն Ջորջ Էնթուսիլը ստիպված է եղել ներողություն խնդրել ուղիղ եթերում ընկերության հաղորդավարների հայտարարությունների համար։ Խոսքը բրիտանացի նախկին քաղաքական գործչի հասցեին մանապղծության մեղադրանքների մասին է, որոնք արդյունքում չեն հաստատվել։

Նոյեմբերի սկզբին Newsnight հաղորդման ընթացքում 49-ամյա տղամարդու հետ հարցազրույց էր ցուցադրվել, որը 1970-ականներին Հյուսիսային Ուելսի «Բրին Էսթին» մանկատան սաներից էր եղել։ 1974 -1990թթ. տարածքում մանկապիղծների խումբ է գործել, որոնց զոհ են դարձել 40 մանկատների շուրջ 650 սաներ։ Սթիվեն Մեսշեմը հայտնել է, որ մանկատանը գտնված տարիներին բազմիցս բռնաբարության է ենթարկվել, եւ որ հանցագործների թվում ազդեցիկ քաղաքական գործիչ կար՝ Պահպանողական կուսակցության առաջատար նախկին անդամ լորդ Մաքելփայնը։

Ավելի ուշ Newsnight-ի լրագրողները ստիպված էին եղել խոսքը հետ վերցնել. Մեսշեմն անսպասելի հայտարարել էր, որ «իր նշած մարդու կողմից բռնության չի ենթարկվել, պարզապես շփոթել է», եւ հասցրել է  մոռանալ հանցագործի դիմագծերը, գրում է vesti.ru-ն։

Հաղորդավարները եւս ներողություն են խնդրել լորդ Մաքելփայնից, որը հայտարարել էր, թե իր համբավը լիովին արատավորվել է։

BBC-ն՝ աշխարհի խոշորագույն մեդիաընկերություններից մեկը, այժմ վերջին կես դարի վատագույն ճգնաժամն է ապրում։ Նախորդ ամիս ոստիկաններն սկսել էին քննել ընկերության ամենահայտնի շոումեններից մեկի՝ Ջիմի Սեւիլի հասցեին մանկապղծության մեղադրանքները։ Իրավապահները վերջնիս կողմից բռնության ենթարկված շուրջ 300 մարդու էին հայտնաբերել։