Այսօր՝ նոյեմբերի 10-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհավորել է ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Նախարարները մանրամասն քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը:
ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի է ունեցել ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվել է ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը:





























