Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Թեհրանում։

Բանակցությունների նպատակը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման կառուցվածքային մոտեցում գտնելն է, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԱԷՄԳ-ի ներկայացուցիչ  Ջիլ Թյուդորին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Հիշեցնենք, Վիննայում սեպտեմբերի 21-ին ավարտված ԱԷՄԳ-ի Գլխավոր կոնֆերանսում Ասիայի միջուկային հիմնախնդրի հարցում ԱՄՆ-ն եւ Իսրայելը խոր տարաձայնություններ ունեցան Իրանի եւ Արեւելքի երկրների հետ։  Իսլամական հանրապետությունը նշել էր, որ Իսրայելը Միջին Արեւելքի միակ երկիրն է, որ հրաժարվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրելուց, բայց, այնուամենայնիվ, ԱԷՄԳ-ի ստուգումներին երբեք չի ենթարկվում, ինչպես նաեւ՝ պատժամիջոցների, թեեւ դրա միջուկային ներուժը սպառնալիք է տարածաշրջանի հարեւան երկրների համար։