«Ժառանգության» ուղիներն անքննելի են եւ «Ազատ դեմոկրատները» չեն էլ ուզում մեկնաբանել նրանց` միջազգային կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին խմբակցության այլ անդամներով փոխարինելու որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
Նա նշեց, որ «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ որեւէ բան չի խոսել, եւ անգամ տեղյակ չեն եղել, որ նիստ է եղել եւ նման որոշում է կայացվելու: Հարցին, թե ինչպես է այդպես ստացվել, եթե «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ասել է, թե մի քանի անգամ անձամբ զրուցել է Արզումանյանի հետ, նա պատասխանեց. «Նման որոշում եղել է երեկ, պարոն Արզումանյանը եւ պարոն Քոքոբելյանը գտնվում են Եվրոպայի Լիբերալների համագումարում, մեզ եւ իրենց պատշաճ ձեւով տեղյակ չի պահվել, որ եղել է խմբակցության նիստ, եւ տեղյակ չի պահվել, որ նիստում նման որոշում է կայացվել: Թե առանձին զրույցներում, իրար միջանցքում հանդիպելիս, նիստերի դահլիճում ինչ են խոսել, դա, ինձ թվում է, կանոնակարգով հաստատված չէ եւ նիստի մասին տեղյակ պահելու ձեւ չէ»:
Անժելա Խաչատրյանը նշեց, որ թե Խաչատուր Քոքոբելյանը, թե Ալեքսանդր Արզումանյանը պատգամավորներ են, երկուսն էլ շարունակելու են իրենց գործողությունները: «Առաջիկայում հնարավոր է նաեւ այլ զարգացումներ»,- ասաց նա: Մամուլի քարտուղարը շեշտեց, որ իրենց քայլերը, գործողությունները թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս որեւէ կերպ չեն պայմանավորում «Ժառանգության» որոշումներով եւ գործողություններով, շարունակելու են իրենց գործողությունները, իրականացնելու են այն նպատակները եւ խնդիրները, որոնք դրել են իրենց առաջ եւ որոնք կան նախընտրական ծրագրում:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն որոշում է կայացրել միջազգային կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին փոխարինել խմբակցության այլ անդամներով: Դեռ չի որոշվել, թե «Ժառանգությունից» ովքեր են փոխարինելու Ալեքսանդր Արզումանյանին եւ Խաչատուր Քոքոբելյանին, սակայն առաջիկա 8-10 օրերի ընթացքում այդ որոշումը կիրականացվի:




























