Վլադիվոստոկում, Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովի կազմակերպման ընթացքում միլիոնավոր ռուբլիների յուրացման գործով նոր կալանավորված կա, նա Ռուսաստանի տարածաշրջանների զարգացման նախկին փոխնախարար Ռոման Պանովն է, ով կալանքի տակ կմնա մինչեւ հունվարի 2-ը: Նա երկու շաբաթ առաջ զբաղեցնում էր Պերմի մարզի կառավարության նախագահի պաշտոնը:
Խափանման միջոց ընտրելիս քննիչը պնդել է, որ Պանովին կալանավորեն, որպեսզի նա չփախչի եւ չոչնչացնի ապացույցները:
Պաշտպանական կողմը խնդրել է որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը, իսկ Պանովին ազատ արձակել 10 մլն ռուբլի գրավի դիմաց:
ՆԳՆ-ում հստակեցնում են, որ այս գործով անցնող կասկածյալները «Տարածաշրջանների զարգացման նախարարության մի ողջ շարք պաշտոնյաներ են», հաղորդում է BFM.RU-ն:
«Հաստատվել է, որ կասկածյալները պետական պայմանագրեր կնքելու համար մրցույթներ են կազմակերպել գագաթաժողովի օբյեկտների շինարարությունն իրականացնելու համար: Այդ մրցույթներում հաղթողներ են ճանաչվել իրենց վերահսկողության ներքո գործող առեւտրային ընկերությունները: Այդ կազմակերպությունների հաշիվներին է փոխանցվել շուրջ 93,3 մլն ռուբլի, սակայն շինարարության ճարտարագիտական ու ապահովագրական ապահովմանն այդ ընկերությունները չեն մասնակցել, քանի որ այդ ծառայությունները կատարվել են այլ ընկերությունների կողմից: Հետագայում այդ միջոցները փոխանցվել են կեղծ կազմակերպությունների հաշիվներին եւ յուրացվել»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:





























