Վրաստանի Փոթիի նավահանգստի աշխատակիցների գործադուլից հետո, այսօր՝ նոյեմբերի 10-ին, նավահանգիստը վերսկսվել է աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, հավելելով, որ նավահանգիստն իր աշխատանքն սկսել է այսօր՝ գիշերը ժամը 02:00-ից:

Աղաջանյանի խոսքով, նավահանգիստն իր աշխատանքն սկսել է երկու հերթով՝ յուրքանչյուրը 12 ժամանոց գրաֆիկով: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանից արտահանվող բեռները, որոնք կուտակվել են Փոթիում, գրաֆիկի համաձայն կհասցվեն համապատասխան վայրեր: «Հայ արտահանողների շուրջ 300 կոնտեյներներ, որոնք կուտակվել էին գործադուլի պատճառով, նավահանգստից դուրս կգան գրաֆիկի եւ նավերի հետ պայմանավորվածությունների համաձայն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան ներկրվող բեռներին, ապա, ըստ Աղաջանյանի, 3-4 նավեր բեռնաթափվել են Բաթումիում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փոթիի աշխատակիցները գործադուլ են հայտարարել նոյեմբերի 1-ից, հայտարարելով, որ գործադուլը չեն դադարեցնի, մինչեւ իրենց աշխատավարձը չբարձրացնեն եւ չբարելավեն աշխատանքային պայմանները: