Քանի որ ամերիկահայերը Վետերանների օրը մեծարում են բոլոր նրանց, ովքեր իրենց զոհաբերում են հանուն ազգի, «Asbarez»-ը որոշել է ներկայացնել իր ընտանիքի անդամներից մեկի պատմությունը, ով ներկայումս ծառայում է ԱՄՆ բանակում: «Horizon Armenian Television»-ի հեռուստադիտողը Հայկ Թովմասյանին գիտի որպես հաղորդավար, ով վարում էր նորությունների թողարկումը 2006 - 2011 թթ-ին: NEWS.am-ը հատված է ներկայացնում Հայկ Թովմասյանի հետ «Asbarez» -ի հարցազրույցից.
Ինչպե՞ս էին ուսումնավարժանքները
Ուսումնավարժանքները կամ ինչպես մենք ենք ասում բազային ռազմական նախապատրաստումը խենթություն էր: Սա ամենադժվար բանն էր, որ ես երբեւէ արել եմ թե ֆիզիկապես, թե մտավոր առումով: 2011թ. ամառն ամենախելագարն էր իմ կյանքում: Իմ ոգին սկզբում կոտրվեց, հետո վերականգնվեց հմուտ հրահանգիչ-սերժանտների կողմից: Ես 14 կգ կորցրեցի` 97-ից դառնալով 83: Սակայն ես ուսումնավարժանքներն ավարտեցի որպես լավագույններից մեկը` ստանալով անհավանական մականուններ: Իմ ազգանվան պատճառով ինձ սկզբում հայ էին անվանում, հետո Ռոն Բուրգունդի, իսկ ռազմական դասընթացի ավարտից հետո` Հայկական սատանա:
Ռոն Բուրգունդի՞: Այսինքն, նրանք գիտեի՞ն, որ հեռուստահաղորդավար ես եղել: Նրանք տեսե՞լ էին «YouTube»-ի հոլովակաները:
Այո, նրանք իսկապես դիտել էին «YouTube»-ի տեսանյութերը, «Music Awards»-ը եւ այլն: Սկզբում ես ոչ ոքի ոչ մի բան չէի ասել: Դժվար է ընկերանալ մարդկանց հետ, ովքեր նախկինում երբեք հայի չէին տեսել: Առաջինը, որ նրանք հարցրեցին, այն էր, թե «Տեսե՞լ ես Քարդաշյանին», կամ «Դու Քիմի ազգակա՞նն ես»: Նրանք, իհարկե, շատ ուրախ էին իմ նախկին մասնագիտության համար:
Հայկ, ինչպիսի՞ն էր քո առաջին այցը: Ի՞նչ էիր զգում գտնվելով նոր ընտանիքում` բոլորից հեռու, ո՞վ էր քո կյանքի մասը «Փոքրիկ Հայաստանում»:
Ես մեկնեցի Աֆղանստանի հարավ-արեւելքում գտնվող «Կայծակ» օպերատիվ բազա: Ես ստիպված էի հարմարվել նոր անձանց եւ ռազմական գործողությունների գոտու միջավայրին: Ես Հայաստանում եղել էի 1990-ականներին եւ այլ տեսակի պատերազմի էի ականատես եղել, սակայն ես երիտասարդ էի եւ ձեռքս զենք չէի բռնում քսանչորս ժամ շարունակ: Շատերը ցնցվել էին` ինձ պատկերացնելով Աֆղանստանում զինվորական հագուստով եւ զենքով:





























