Հունաստանի խորհրդարանն ընդունել է 2013 թվականի բյուջեն, որը պետական ծախսերի նոր կրճատումներ է նախատեսում:

Բյուջեի նախագիծը նախատեսում է պակասուրդի կրճատում մինչեւ 8 միլիարդ եվրո: Ընդ որում, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հունաստանը կարող է հանդես գալ բյուջետային համեստ նախնական 1,1% ՀՆԱ ավելցուկով:

Փաստաթուղթը նաեւ նախատեսում է ծախսերի կրճատում 7,8 միլիարդ եվրոյով, որոնցից 4,9 միլիարդը` թոշակների եւ աշխատավարձերի կրճատման հաշվին: Կկրճատվեն նաեւ առողջապահության, կրթության եւ պաշտպանության ծախսերը, հայտնում է «Ռոսբալտը»:

Բյուջեի ընդունումը ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի կողմից երկրին հերթական վարկ տրամադրվելու պայմաններից է եղել: Խոսքը 40 միլիարդ եվրոյի մասին է, առանց որի Հունաստանին դեֆոլտ է սպառնում:

Նախօրեին Աթենքում բյուջեի ընդունման դեմ ցույցեր էին ընթանում: