«Ռուսական Բրեյվիկ» Դմիտրի Վինոգրադովը «Ռիգլա» ընկերության գրասենյակում նախատեսվող զանգվածային սպանության մասին պատմել է 3 մարդու, սակայն նրա ասածը ոչ ոք լուրջ չի ընդունել: Նա հարցաքննության ընթացքում պատմել է, որ իր ծրագրերի մասին իմացել են գործընկերուհին, հոգեբուժական հիվանդանոցի բժիշկը եւ աղջիկը, որից նա բաժանվել էր:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հետաքննություն է անցկացրել: Պարզվել է, որ Վինոգրադովը մանկուց հոգեկան շեղումներ է ունեցել:
Նա ծնվել է մի քանի հիվանդություններով, եւ բժիշկները բառացիորեն նրան ոտքի են կանգնեցրել: Բուհում սովորելիս նա տարվել է ծրագրավորմամբ, սակայն հետո ձանձրացել է դասերից, եւ սկսել զբաղվել ինքնակրթությամբ: 2009 թվականին նա ավարտել է համալսարանը:
Սովորելու տարիներից նա սկսել է փաստաբան եւ ցանցային ադմինիստրատոր աշխատել, սակայն աշխատանքային խումբը նրան դուր չի եկել: «Չեմ կարողանում շփվել մարդկանց հետ, նրանցից ամեն ինչ կարելի է սպասել: Կամ կծաղրեն, կամ կստորացնեն: Ավելի շատ մենակություն եմ սիրում», - ասել է մորը: Այնուամենայնիվ, 2008 թվականին աշխատանքի է անցել «Ռիգլա» ընկերությունում: 2010թ. սկսել է հանդիպել աշխատանքային ընկերուհու հետ, հետո երիտասարդները բաժանվել են: Նա ընկճախտի մեջ է հայտնվել, մայրն էլ տարել է 85-րդ հիվանդանոցի հոգեսոմատիկ բաժանմունք:
Բուժումը չի խանգարել Վինոգրադովի նախապատրաստմանը 2012 թվականի նոյեմբերի գազանային հաշվեհարդարին: Այն ժամանակ էլ նա բժշկին հայտնել է բոլորին սպանելու իր ցանկության մասին, սակայն նա դա խելագարություն է անվանել: Հաշվեհարդարից քիչ ժամանակ առաջ Վինոգրադովն այդ մասին հայտնել է նաեւ իրավաբանական բաժնի իր գործընկերուհուն, որը եւս լուրջ չի ընդունել:
Նոյեմբերի 7-ի առավոտյան Վինոգրադովը սոցցանցում հրապարակել է չարաբաստիկ «մանիֆեստ» եւ ուղեւորվել աշխատանքի: Աստիճանների վրա նա կրակել է մի երիտասարդի, իսկ հետո` գործընկերներին: Նա պատրաստվել է ինքնասպան լինել, սակայն պահակներին հաջողվել է բռնել հանցագործին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ հանցագործությունից առաջ նա մի քանի օր խմել է եւ հարձակման պահին կարող էր ալկոհոլի ազդեցության տակ լինել: Սակայն քննության վերջին արդյունքները հերքել են այդ տեղեկությունը:




























