Գվատեմալայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, ստորերկրյա ուժգին ցնցումներ են գրանցվել նոյեմբերի 11-ի ցերեկը: Նոր ցնցումները մարդկային զոհերի չեն հանգեցրել, սակայն Գվատեմալայում դեռ չի ավարտվել նախորդ երկրաշարժի զոհերի հիշատակի եռօրյա սուգը:
6,2 բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները գրանցվել են երկրի խաղաղօվկիանոսյան ափի շրջակայքում` տեղական ժամանակով ժամը 16:15-ին: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չամպերիկո քաղաքից 24 կմ եւ երկրի մայրաքաղաքից 180 կմ հեռավորության վրա: Ինչպես հայտնել է Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը, մեծ ալիքների առաջացման վտանգ չկա:
Երկրաշարժն առաջացրել է սողանքներ, որոնք տեղի են ունեցել երկրի արեւմուտքում գտնվող Սան Մարկոսում, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով AFP-ին:
Գվատեմալայում շարունակվում են նոյեմբերի 7-ին գրանցված 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո մեկնարկած փրկարարական աշխատանքները: Ամենից ավելի տուժել է Սան Մարկոս քաղաքը, որտեղ ավերվել են մի քանի տասնյակ շենքեր: Ըստ երկրի նախագահի` երկրաշարժի հետեւանքով զոհվել է 42 մարդ: Մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 52 զոհի, ինչպես նաեւ 22 անհետ կորածների մասին:




























