Լեհաստանում Անկախության օրն անկարգություններ են սկսվել, Վարշավայում տեղի է ունեցել ազգայնականների բազմահազարանոց երթ, որն ավարտվել է ոստիկանության հետ բախումով:
Ցուցարարները ոստիկանների վրա դյուրավառ նյութով շշեր են նետել, ի պատասխան ստացել ջրի շիթեր եւ արցունքաբեր գազ: Հատուկ ջոկատի շնորհիվ հաջողվել է մի քանի ժամ անց վերահսկելի դարձնել ամբոխը: Ոստիկանական բաժանմունք են տարվել տասնյակ օրինախախտներ, հայտնում է «vesti.ru»-ն:
Ինչպես հայտնում է rbc-ն, ազգայնականների երթին զուգահեռ Վարշավայում տեղի է ունեցել երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխավորությամբ երկրորդ երթը: Նա հայտարարել է, որ մասնակցել է երթին, որպեսզի «խլի ազգային տոնը ծայրահեղականներից եւ խուլիգաններից»:
Նախորդ տարի Անկախության տոնը նշելիս լեհական մայրաքաղաքում դարձյալ անկարգություններ էին տեղի ունեցել: Այն ժամանակ ձերբակալվել էր 200 մարդ, քաղաքին ահագին վնաս էր հասցվել, տասնյակ քաղաքացիներ հայտնվել էին հիվանդանոցներում:




























