Apple-ը 21,4 միլիոն դոլար է վճարել Շվեյցարական Դաշնային երկաթուղի ընկերությանը` իր արտադրանքում Շվեյցարիայի բոլոր երկաթուղային կայարաններում տեղակայված ժամացույցի դիզայնն ապօրինի օգտագործելու համար: Գումարը նշված է հոկտեմբերին ստորագրված պայմանագրում:
Շվեյցարական Դաշնային երկաթուղին (SBB) սեպտեմբերին Apple-ին մեղադրել էր ժամացույցի դիզայնի հեղինակային իրավունքը խախտելու մեջ: Դիզայներ Հանս Հիլֆեքերի կողմից 1944թ. ստեղծված ժամացույցները դարձել են SBB-ի եւ Շվեյցարիայի յուրօրինակ խորհրդանիշը եւ պաշտպանված են հեղինակային իրավունքով: Ըստ SBB-ի ներկայացուցիչների` հեղինակային իրավունքը խախտվել էր iOS 6 բջջային պալտֆորմում` iPad Cloсk հավելվածի ստեղծման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերին կողմերը համաձայնության էին եկել կայարանային ժամացույցների արտոնագրման վերաբերյալ, սակայն այն ժամանակ գործարքի պայմանները չէին հրապարակվել:
Apple-ը iOS 6 բջջային պալտֆորմը թողարկել էր սեպտեմբերին: 1986թ.-ից SBB-ի ժամացույցների դիզայնն օգտագործելու արտոնագիր ունի ժամացույցների արտադրող Mondaine Group ընկերությունը:




























