Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալ է հասունանում, կհարցաքննվի երկրի առաջին տիկին Կիմ Յուն Օկը: Հարցաքննությունը կիրականացվի պետության ղեկավար Լի Մեն Բակի բնակելի տան շինարարության կապված գործի շրջանակում:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», հատուկ խորհրդական Լի Գվան Բումի գլխավորությամբ 63 մարդուց բաղկացած խումբը որոշել է կազմակերպել առաջին տիկնոջ գրավոր հարցաքննությունը: Քննիչները մտադիր են խուզարկություն անցկացնել նախագահի աշխատակազմում եւ հարցաքննության համար կանչել նախագահի պահպանության ծառայության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ առաջնորդի այլ մերձավորների, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Նախագահի տան գործը կազմակերպել էր ընդդիմությունը:

Լի Մեն Բակի հակառակորդները դատախազություն էին դիմել նամակով, որում նշել էին, որ նախագահի տան շինարարության հողատարածքը գնվել էր պետության ղեկավարի որդու` Լի Սի Հենի անվամբ: Ըստ ընդդիմության` նախագահի աշխատակազմի ծախսերը եւս չափից ավելի բարձր են եղել:

Նախագահի որդի Լի ՍԻ Հենին հարցաքննել էին հոկտեմբերի վերջին: Գործի արդյունքները հրապարակվելու են նոյեմբերի 29-ից ոչ ուշ: Լի Մեն Բակի պաշտոնավարման ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին:

Կորեայի Հանրապետությունում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: